Եվ այսպես, մեր կառավարությունը մայիսի 5-ին, առանց քննարկումների ու ելույթների, դրական եզրակացություն տվեց Արցախի Հանրապետության-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ-ԼՂՀ) ճանաչման օրինագծիՆ, որը ներկայացրեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, և փաստաթուղթն ուղարկվեց երկրի խորհրդարան։ Սկզբնապես սպասվում էր, որ Ազգային ժողովի պատգամավորները կքննարկեն եզրակացությունը և ապա ձեռնամուխ կլինեն արդեն բուն օրինագծի քննարկմանը, որը նախատեսվում էր մայիսի 10-ին կայանալիք արտահերթ նիստում։
Սակայն հետո լրատվամիջոցները, վկայակոչելով Ազգային ժողովի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանին, հաղորդեցին, որ ընդդիմադիր պատգամավորներ Հրանտ Բագրատյանի (ՀԱԿ խմբակցություն) և Զարուհի Փոստանջյանի («Ժառանգություն» խմբակցություն) հեղինակած օրինագիծը կարող է մտցվել Հայաստանի խորհրդարանի քառօրյա լիագումար նիստի օրակարգի նախագծի մեջ միայն և ոչ թե արտահերթ նիստի։ Իսկ հաջորդ քառօրյան կայանալու է մայիսի 16-19-ին։
Ինչպես ասում են, ժամանակ դեռ կա, առաջին հերթին Թուրքիայի և Ադրբեջանի 4-օրյա ռազմական սադրանքի պատճառների ու հետևանքների, ինչպես նաև Հայաստանի կողմից Արցախի անկախության հնարավոր ճանաչման նշանակության ու հետևանքների համակողմանի իմաստավորման համար։
Բայց նախ՝ Հայաստանի գործողությունների նկատմամբ միջազգային առավել հայտնի արձագանքի մասին։ Զարմանալի է, բայց ես չեմ հիշում, որ 1994-ի մայիսի 12-ին զինադադարի ռեժիմի հաստատումից հետո գոնե մեկ անգամ Արցախի իշխանությունները պաշտոնապես դիմած լինեն Հայաստանի իշխանություններին, առաջարկելով ճանաչել արցախյան անկախությունը և, դրանով իսկ, վերջ դնել «չճանաչված հանրապետություն» բառակապակցությանը։ Հանրահայտ բան է, որ եթե որևէ մեկի անկախությունը ճանաչում է միջազգային իրավունքի սուբյեկտ գոնե մեկ պետություն, դրանից հետո «չճանաչված» երկրներն ինքնաբերաբար դառնում են «մասնակիորեն ճանաչված»։ Մանրուք է, ճիշտ է, բայց էական։ Իսկ առայժմ նշենք. Արցախի իշխանությունները, անգամ եթե ընդունենք, որ կուզեին իսկապես հասնել ԼՂՀ-ի անկախության ճանաչմանը, դեռ 90-ականներին պարտավոր էին համոզել Հայաստանի իշխանություններին և հասնել այն բանին, որ հենց Երևանը դներ Արցախի անկախության միջազգային ճանաչման սկիզբը։
Դա պետք է արվեր ապրիորի, առանց այլևայլության, անգամ առանց վկայակոչելու այն, որ, հնարավոր է, ազգի մեծամասնությունը դարձյալ հանդես է գալիս Հայաստանին Արցախի վերամիավորման օգտին։
Նկատենք, որ ԱԺ-ում մայիսի 16-19-ին կայանալիք ունկնդրումներն անգամ մեզ համար չեն երաշխավորում Հայաստանի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչումը։ Բանն այն է, որ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն արդեն հերքել է, թե Երևանը մտադիր է հավանություն տալու այդ փաստաթղթին։ «Կառավարության օրակարգը ենթադրում է ոչ թե ճանաչման մասին օրենքի նախագծի, այլ կառավարության եզրակացության հավանություն։ Համաձայն այդ եզրակացության, ճանաչումը պայմանավորված է իրադրության հետագա զարգացմամբ։ Եթե Ադրբեջանը նոր ռազմական ագրեսիա սանձազերծի, ապա Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կմտնի օրակարգ»,- հայտարարել է նա։ Եվ ուրիշ ոչ մի դեպքում։ Հասկանալի է, որ դա Հայաստանի նախագահի աշխատակազմի դիրքորոշումն է, հնարավոր է նաև՝ նրա որոշ արտաքին խորհրդատուների։ Ասենք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Նա շտապեց, չէ՞, ոգեկոչել իր վաղուց հայտնի ոգորումները ԼՂՀ-ի անկախության ճանաչման առթիվ, մեկնել Ստեփանակերտ, կոչ անել «թիկունք կանգնել իշխանությանը՝ ծանր պահին», հանդիպում-խորհրդակցություն ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Այնպես որ, կարելի է չոգևորվել, ՀՀՇ-ի իշխանության այսօրվա ժառանգորդները մտադիր չեն ճանաչելու Արցախի անկախությունը, կողմնորոշվելով չգիտես թե ուր։ Գուցե 2009-ի տխրահռչակ «հայ-թուրքական արձանագրությունների» կողմը, որ մի ժամանակ այնքան գուրգուրում էր հենց Տեր-Պետրոսյանը։ Իհարկե, ոչ միայն Տեր-Պետրոսյանը, նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանները՝ սկսած Հարրի Հիլմորից։ Դեսպան Լեմոնի և հանձնակատար Յովանովիչի հետ շփումս չեմ մոռանա մինչև կյանքիս վերջը. մեկը կոչ էր անում Հայաստանը վերածել «զբոսաշրջության սպասարկման» դաշտի, առանց լուրջ տնտեսության, մյուսը գնում-գալիս ու «հեղափոխականացնում» էր մեր երիտասարդությանը, ապա և Հայաստանին «նվիրեց» մի ամբողջ «լրացուցիչ» ամերիկամետ քաղաքական կուսակցություն։ Իսկ ի՞նչ է նշանակում «զբոսաշրջություն սպասարկող», հասկանո՞ւմ եք։ Դա կուբայական հեղափոխությունից առաջ եղած Կուբայի նման մի բան է. աղախինների ու հյուրանոցային անառակների բուծման մասին է խոսքը։ Դեսպան Լեմոնը Հայաստանի համար այլ ապագա չէր տեսնում։
Թուրքիայում և Ադրբեջանում շնագայլերի տիպական ոռնոց է սկսվել. դրան անդրադառնալ անգամ չարժե։ Առհասարակ զարմանում եմ մեր որոշ լրատվամիջոցների ու համաքաղաքացիների վրա. «խելքներն իրենցը չէ» արտատպելու և տարածելու թուրքերի ու ադրբեջանցիների զառանցանքները։ «Խելքներն իրենցը չէ» հարցազրույցներ տալու Թուրքիայի ու Ադրբեջանի լրատվամիջոցներին։ Լսեք, եթե այդքան սիրում եք թուրքերին ու ապշերոնցի թաթարներին, ապա, ի սեր Աստծո, սահմանները բաց են, խոնարհաբար խնդրում ենք, հեռացեք Հայաստանից, Հայոց աշխարհից։ Դուք անելիք չունեք Հայաստանում ու հայոց միջավայրում։ Այնուհետև, Իրանում զուսպ լռություն է։ Ոչ մի նոր բան չկա, չհաշված այն, որ Մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին նախազգուշացրել է՝ Իրանն ու Ռուսաստանը հակամարտության գոտում պատերազմ թույլ չեն տա (ապրիլի 20), «Թեհրանը Երևանի ու Բաքվի իր բարեկամներին հորդորում է տարածաշրջանում նոր պատերազմի սանձազերծում թույլ չտալ»։
Իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին գլխավոր հրամանատար, այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի բազմամյա ռազմական խորհրդական գեներալ-մայոր Սեյեդ Յաղիյա Ռահիմ Սեֆևին (այո, այո, հենց շահի տոհմից է) ապրիլի 28-ին տարածաշրջանային զարգացմանը նվիրված խորհրդաժողովում հայտարարել է. «Թուրքիայի քաղաքական համակարգի հետ Իրանի քաղաքական, տնտեսական և անվտանգության հետ կապված հարաբերությունները պետք է վերանայվեն։ Նաև անհրաժեշտ է որոշակի կարգավորում կատարել, քանի որ Անկարան, իբրև ԱՄՆ-ի, Իսրայելի, ինչպես նաև մի քանի արաբական երկրների դաշնակից, գործում է նրանց քաղաքականությանը համապատասխան»։
Ռուսաստանի ԱԳՆ-ի և ԱՄՆ-ի պետդեպարտամենտի արձագանքի մասին շատ է գրվել, ուստի մենք նորից չենք մեջբերի Մոսկվայից ու Վաշինգտոնից հնչող հայտարարությունները։ Նշենք, որ, ըստ էության, չի եղել Ֆրանսիայի՝ երրորդ համանախագահի, արձագանքը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի տեսակետներին, ապա, եթե հակիրճ, նրանք թքած ունեն, թե ինչ կքննարկեն այնտեղ՝ Հայաստանի խորհրդարանում, նրանք հանդես են գալիս «Մադրիդյան սկզբունքների» ձևաչափով բանակցությունների շարունակման օգտին և պատերազմական գործողությունների վերսկսման փորձերի դեմ: Փաստորեն, Մոսկվան ու Վաշինգտոնը պնդում են, որ շարունակի գործել 1994 թ. զինադադարի համաձայնագիրը: Ճիշտ է, Վաշինգտոնը ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Մարկ Թոների շուրթերով, «չգիտես ինչու», ավելացրեց գրեթե անիմաստ մի խոսք. «Միացյալ Նահանգները, ինչպես և ամբողջ միջազգային ընկերակցությունը, չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը»:
Հետո՞ ինչ: Փոխարենը ճանաչում են Կոսովոյի բռնանվաճումը և այդ հողում օտար զավթիչների «անկախության հռչակումը»՝ հավելենք մենք ի հիշեցումն պարոն Թոների ու նրա պետի՝ պետքարտուղար Ջոն Քերիի: Փոխարենը կուլիսներում Ադրբեջանին հրահրում են սանձազերծելու նորանոր զինված սադրանքներ և այլն, և այլն:
ՈՒրեմն մեզ ի՞նչ կարող էր տալ խորհրդարանի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչումը: Նույնը, ինչ կտար 1992-ի գարնանը, երբ Ադրբեջանը (հիշենք՝ 1991 թ. դեկտեմբերի 31-ի լույս 1992 թ. հունվարի 1-ի գիշերը) պատերազմ սկսեց ընդդեմ Արցախի և Հայաստանի: Ոչ մի բանակցության այդ ակտը չէր խանգարում և չի խանգարում՝ ո՛չ 24 տարի առաջ, ո՛չ հիմա: Իսկ մի՞թե խանգարում է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» հռչակման և Թուրքիայի կողմից նրա ճանաչման փաստը ՄԱԿ-ի հովանու ներքո Կիպրոսի շուրջ վարվող հաշտության բանակցություններին: Ոչ: ՈՒ պատերազմ էլ չկա այնտեղ՝ Կիպրոսում: Բայց դե խաղաղություն էլ չկա, իրադրությունը պարզապես սառեցված է, իսկ Թուրքիան շարունակում է զավթած պահել Հյուսիսային Կիպրոսը: Մինչդեռ հայաստանյան իշխանությունները զգուշավոր դիրքորոշում որդեգրեցին՝ ոչ այն է սեփական անմտությամբ, ոչ այն է ոմանց խորհրդով: Այն համառոտակի մեկ անգամ ևս հիշեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ մայիսի 7-ին ilur.am կայքում հրապարակված հոդվածում, ասելով, թե միջազգային ընկերակցությունը վաղ թե ուշ կճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, առավել ևս, որ «նման վստահության համար հիմք է հանդիսանում այն, որ աշխարհը, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի և անձամբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների, արդեն ճանաչել է Ղարաբաղի ժողովրդի՝ հանրաքվեի միջոցով ինքնորոշվելու իրավունքը»: «Հետևաբար, քանի դեռ Հայաստանը զրկված է միջազգային կազմակերպությունների կամ գոնե մեկ գերտերության օժանդակությունից, նա պետք է ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղի միակողմանի ճանաչման խելահեղ մտքից»,- ընդգծում է Տեր-Պետրոսյանն ու ավելացնում՝ այլապես աղետն անխուսափելի է:
ՀԱԿ-ի առաջնորդի մնացած բոլոր «փաստարկները» չեն տարբերվում նրա՝ նախագահ եղած ժամանակվա «փաստարկներից»: Պարոն Տեր-Պետրոսյան, փորձեք հիշել տողերիս հեղինակի զեկուցագրերը կարգավորման գործի զարգացման հնարավոր ընթացքի մասին՝ այլ սցենարի պարագայում, որը ենթադրում էր Հայաստանի կողմից ԼՂՀ-ի անկախության անհապաղ ճանաչում: Ես գրել եմ, գրել եմ մանրամասնորեն, կիպրական հարցի կարգավորման նրբությունների մասին հղումները փոխանցվել են Ձեզ: Պարոն Բագրատյան, հիշեք 90-ականների կեսերը, եթե Ձեզ է հիմա վիճակվել հանդես գալ որպես ԼՂՀ-ի անկախության ճանաչման օրինագծի համահեղինակ: Հիշո՞ւմ եք մեր խոսակցությունը Հայաստանի հեռանկարային զարգացման կառավարական հանձնաժողովի հատուկ նիստում: Արտաքին վտանգների ու սպառնալիքների մասին էր, այդ թվում նաև Արցախի հարցի շուրջ բանակցային գործընթացի զարգացման առումով: Մի՞թե բոլոր նախկինների հիշողությունն այդքան կարճ է: Ո՞վ կհավատա, որ «աջ ձեռքը չի իմացել, թե ինչ է անում ձախը», այսինքն, ՀԱԿ-ի առաջնորդը չի իմացել, որ իր իսկ խորհրդարանական խմբակցության անդամը պատրաստում է մի օրինագիծ, որն այնուհետև ինքը (Տեր-Պետրոսյանը) անվանելու է «խելահեղ միտք»:
Գուցե ինչ-որ մեկը նախագահ Սերժ Սարգսյանին խորհուրդ է տվել նախադրյալներ ստեղծել պարոն Տեր-Պետրոսյանի «նախագահության երրորդ ժամկետի» համա՞ր: Այդ դեպքում հարկ չկար խաղարկելու «Արցախ» բառը: Իսկ Հայաստանի նախկին նախագահին ու վարչապետին խորհուրդ կտայի գտնել հետևյալ հարցի պատասխանը. իսկ ինչո՞վ է Կիպրոսի վերաբերյալ բանակցային գործընթացին խանգարում Թուրքիայի կողմից «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» անկախության ճանաչումը: Նշեմ՝ «մասնակիորեն ճանաչված» երկրի կարգավիճակը «ոչ պատերազմի» ավելի ծանրակշիռ երաշխիքներ է տալիս, և դա քիչ չէ:
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ